Հուշագրի շրջանակում իրականացվող «Բարև, բալիկ» նախագծի միջոցով նախատեսվում է արդիականացնել Հայաստանում հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր եւ մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների եւ տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաեւ խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։ Ծրագրի շահառու խմբերն են՝ հղի կանայք, անպտղության խնդիրներ ունեցող անձինք եւ մինչեւ 6 տարեկան երեխաներ ունեցող ծնողները։
«Բարև, բալիկ» ծրագրի շրջանակում այժմ մշակվում է «Բարև, բալիկ» հարթակն ու բջջային հավելվածը։ «Բարև, բալիկ»-ը փաստահենք տեղեկատվությամբ աշխատող հարթակ է, որը համապատասխանեցված է հայկական մշակույթի առանձանահատկություններին ու նախատեսված է բոլոր ծնողների ու ապագա ծնողների համար, ովքեր հղիության և ծնողավարության վերաբերյալ ուղղորդման կարիք ունեն։ Հարթակն ու բջջային հավելվածը գիտականորեն ապացուցված տեղեկատվությունը հասանելի են դարձնելու ծնողներին ու պիլոտավորելու են վակցինացման թվային ծառայությունը։
Հարթակի/բջջային հավելվածի օգնությամբ հղիները, ապագա ծնողներն ու մինչև 6 տարեկան երեխա ունեցող ծնողները կարող են․
- Ստանալ նախածննդյան, հետծննդյան և մանկական խնամքի վերաբերյալ տեղեկատվություն
- Կիրառել գործիքներ, որոնք թույլ են տալիս հետևել հղիների ու նորածինների առողջական կարգավիճակին
- Ստուգել ֆինանսական աջակցություն ստանալու իրավասությունը
- Գտնել մոտակայքում գտնվող ծառայությունները (հիվանդանոցներ, կլինիկաներ, լաբորատորիաներ)
- Երեխաների վակցինացման տվյալների թվայնացում՝ ըստ ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի
Նախագիծը կմիավորի առողջապահության ոլորտի փորձագետներին, ehealth էլեկտրոնային տվյալներն ու Վիվա-ՄՏՍ-ի ID տեխնոլոգիան՝ տվյալների շտեմարաններ մշակելում օգտատերերի փորձառությունը հասկանալու և ծրագրերի առաջընթացը մշտադիտարկելու և գնահատելու համար։ Ծրագրի բացահայտումները կներկայացվեն Կառավարությանը՝ քաղաքականության փոփոխությունների առաջարկների տեսքով։
«Բարեւ բալիկ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից՝ Վիվա-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) և ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։